Բարգավաճ Հայաստան խմբակցությունն Ազգային Ժողովում բարձրացրել և շարունակելու է բարձրաձայնել երկրում իրականացվող յուրաքանչյուր արատավոր դրսևորման երևույթի դեմ՝ ամեն անգամ ներկայացնելով դրանց վտանգավոր հետևանքներն ու լուծման սեփական բանաձևերը:
Կառավարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն ժողովրդին տանում է դեպի փակուղի, մաքսային, հարկային և ստեղծված մի շարք արհեստածին պետական մարմիններ թույլ չեն տալիս հայ մարդուն ապրել և աշխատել սեփական հայրենիքում:
Օրեր առաջ հերթական անհեթեթ խայտառակությանն ականատես եղանք, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կուսակցության համագումարում արված ելույթից հետո, դադարեցվեց Արարատցեմենտ գործարանի ջրամատակարարումը և մատակարարվող ջուրը սկսեց հոսել ոչ ավել ոչ պակաս Ադրբեջան:
Փաստացի մեր հակառակորդի համար բառի բուն իմաստով պարարտ հող է ստեծվում: Ի՞նչ սպասենք հաջորդ անգամ:
Վերջին մեկ տարվա ընթացքում ականատես եղանք խայտառակ ցուցանիշի, այն է՝ պաշտոնական վիճակագրությամբ, իրենց գործունեությունը կասեցրել են 10.000 մանր և միջին ձեռնարկություններ, եթե սա բազմապատկենք հինգով, այսինքն միջին ընտանիքի անդամների գործակցով, ապա կստացվի, որ շուրջ 50.000 մարդ կորցրել է իր աշխատանքը, ապրելու և ցամաք հաց վաստակելու հնարավորությունը:
Միջազգային փորձն ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության նման պետությունների տնտեսության զարգացման թիվ մեկ երաշխիքը՝ միջին բիզնեսն է, որը մեր երկրում իշխանության կողմից ջանք ու եռանդ չի խնայում փոշիացնելու համար:
Մենք պատրաստակամ ենք մեծ կոնսոլիդացիաների, քաղաքական նոր հարթակ ձևավորելուն, որով հնարավորություն կստեղծվի հաղթահարելու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներն ու գտնել դրանց լուծման իրական մեխանիզմները:
Սիրելի ժողովուրդ, վստահեցնում ենք Ձեզ՝ քանի դեռ հայ ընտանիքում երեխան կիսասոված է սեղանից վեր կենում, քանի դեռ հայ տղամարդը չի կարողանում հանգիստ քնել, որովհետև երաշխիքներ չունի, որ առավոտյան կկարողանա կերակրել սեփական ընտանիքին,
քանի դեռ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի չի կարողանում օգտվել իր սահմանադրական իրավունքից և ապահովել սեփական ընտանիքի և անձի բարեկեցիկ կյանքը, մենք շարունակելու ենք աշխատել Ձեզ համար, որքան կպահանջվի և ինչ քայլեր անհրաժեշտ լինեն բոլորիս` ցանկալի արդյունքին հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել