168.am-ը գրում է․
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի» ալիքի տեղեկություններով՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանին ծեծի են ենթարկել։ Նշվածը, սակայն, ինքը՝ Իրիցյանը, հերքում է: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ տեղեկության` Իրիցյանին ծեծի ենթարկողները «Վրացական երազանք»-ի ակտիվիստներ են։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, թեև իշխող թիմից կուսակիցների միջև կոնֆլիկտի պատճառի մասին պարզաբանում դեռևս չի եղել։
Դեպքի մասին տեղեկություն ստանալու նպատակով «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց Նաիրի Իրիցյանի հետ. նա կտրականապես հերքեց մամուլում շրջող տեղեկությունը։
«Երեկ Ախալցիխեում էի, ընկերոջս հետ, հետո վերադարձել եմ Ախալքալաք։ Գիշերը կնոջս հետ եմ եղել, մեր տանը։ Միջադեպ չի եղել… Այսօր էլ մասնակցել եմ քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը»,- ասաց «Վրացական երազանք»-ի անդամ Նաիրի Իրիցյանը։
Սակրեբուլոյի նախագահը նաև ասաց` նման միջադեպերով պետք է զբաղվեն ոստիկանները, ոչ թե լրագրողները։
Միաժամանակ, մեզ հետ զրույցում ՄԱՇ-ի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Արսեն Կարապետյանը հաստատեց Իրիցյանի ծեծի ենթարկվելու փաստը։
«Այո, դեպքը տեղի է ունեցել, սակայն մանրամասների մասին ինքս ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասել է Արսեն Կարապետյանը։