Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: Դեպքին արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:

ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:

Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն՝ ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։

Երեխայի լավագույն շահից ելնելով՝ Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց»,- նշված է ՀՀ ՄԻՊ-ի հաղորդագրությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել