Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը երկու տարվա փոխարեն 1.5 տարի դարձնելու մասին, կարող է ունենալ ոչ միայն սոցիալական, այլ նաև խորապես ռազմավարական հետևանքներ։ Այս որոշումը պետք է դիտարկել ոչ թե որպես տեխնիկական փոփոխություն, այլ որպես անվտանգության միջավայրի վերագնահատման ազդակ։ Սակայն այստեղ կան մի շարք ռիսկեր և մարտահրավերներ, որոնց անտեսումը կարող է լրջագույն հետևանքներ ունենալ։
Ռիսկեր
Պաշտպանունակության նվազում – Զինծառայության ժամկետի կրճատումը կբերի զորակազմի շրջանառության արագացման, ինչն ինքնին կնվազեցնի մարտական փորձի կուտակումը և ստորաբաժանումների կայունությունը։
Անվտանգային միջավայրի սխալ գնահատում – Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրը շարունակում է մնալ անկայուն․ նման քայլը ենթադրում է, որ իշխանությունն անվտանգության ռիսկերը գնահատում է որպես նվազող։ Սա կարող է լինել վտանգավոր ինքնախաբեություն։
Մասնագիտական բանակի ձևավորման անավարտ մոդել – Եթե պարտադիր ծառայության կրճատումը չի ուղեկցվում պրոֆեսիոնալ կազմի ընդլայնմամբ, ապա համակարգը կմտնի «կիսամասնագիտական» վիճակի մեջ, ինչը ոչ արդյունավետ է։
Հասարակական ընկալման խնդիր – Այս որոշումը ներկայացվում է որպես «բարեփոխում» և «մարդակենտրոն» քայլ, բայց իրականում կարող է դիտվել որպես քաղաքական-PR քայլ՝ հանրությանն ընդամենը հաճոյանալու նպատակով:
Մարտահրավերներ
Պետք է հստակ ծրագրավորված լինի պաշտպանական համակարգի անցումը նոր մոդելի, այլ ոչ թե դիտարկվի ժամկետի տեխնիկական կրճատում։
Անհրաժեշտ են կրթական և տեխնոլոգիական ներդրումներ, որպեսզի կարճ ժամանակում զինծառայողները ստանան նույն մակարդակի պատրաստություն։
Պետությունը պետք է հստակ պատասխանի՝ արդյոք այս փոփոխությունը համատեղելի է տարածաշրջանային սպառնալիքների ներկա մակարդակի հետ։
Վերջապես՝ բանակի բարեփոխումը չի կարող դիտվել մեկուսացված․ այն պետք է լինի ազգային անվտանգության համապարփակ ռազմավարության մաս։
Այս ամենի ֆոնին հարցը մնում է բաց՝ արդյոք մենք քայլում ենք դեպի ժամանակակից բանա՞կ, թե՞ պարզապես կրճատում են ժամանակը՝ նախընտրական դիվիդենտների ստացման համատեքսոտւմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել