
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 17–ին, քվեարկությամբ մերժեց օրակարգում ընդգրկել Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Այն ստացավ 87 դեմ, 0 կողմ ձայներ։ Օրինագծին դեմ քվեարկեց նաեւ հեղինակը՝ Հայկ Սարգսյանը։
Նախքան քվեարկությունը ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ այս նախագիծը և դրա առանձին դրույթներ «Քաղաքացիական պայմանագիրը» մանրամասն քննարկել է, ապա այս համատեքստում հայտարարեց, որ բանակի բարեփոխման ռազմավարությունն իրենց առաջնահերթությունների շարքում է:
«Այս նախագծի մեջ կան հարցեր, որոնք կարող են հասցեագրել բանակում բարեփոխումների մեր նպատակները, սակայն, այնուհանդերձ, առանձին կարգավորումները, դրա ձևակերպումները և սահմանումները, քննարկման ժամանակը խմբակցությանը բերել է այն համոզման, որ այս նախագիծն այս տեսքով չենք կարող ընդունել: «Քաղաքացիական պայմանագիրը» դեմք է քվեարկել այս նախագծին, ուստի այս քվեարկությանը ևս դեմ կքվեարկի»,- ասաց Կոնջորյանը:
Պատգամավոր Հայկ Սարգսյանը վարման կարգով արձագանքեց. «Թեպետ 2022 թվականից նախագիծը Կառավարությունը բերել էր այլ ձևաչափով և հետ քաշեց՝ հաշվի առնելով էսկալացիան, նախագիծը սկսել են Կառավարության գործընկերների հետ քննարկել 2024 թվականի հունվարից:
Ցավոք, ԱԺ մի շարք գործընկերների հետ ժամանակ չի եղել մինչև այս պահը՝ վերջին 1,5 տարվա ընթացքում, քննարկումներ կազմակերպելու համար: Ես, առաջնորդվելով վարչապետի հանձնարարականներով, կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք այն բարեփոխումները և ուղենիշները, որ վարչապետն է դրել մեր առաջ և Կառավարության ծրագրում առկա են, կարողանանք կյանքի կոչել:
Ես նույնպես դեմ կքվեարկեմ օրենքի նախագծին»:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու հարցը՝ տալով բացասական եզրակացություն։
Նշենք, որ այս օրինագծով նախատեսվում է, որ կարելի է վճարել 18 մլն դրամ եւ ծառայել 4 ամիս, կամ վճարել 24 մլն դրամ եւ ծառայել 1 ամիս։ Բացի այդ, սահմանվում է, որ մինչեւ զորակոչային տարիքը տղա երեխաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում պետական տուրքը կկազմի 15 մլն դրամ։