Tert.am-ը գրում է.

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը

Մարդկության պատմության ողջ ընթացքում աշխարհակարգերի ձևավորման և փլուզման, միջազգային հարաբերությունների զարգացման, պետությունների առաջացման, հզորացման կամ անհետացման, ինչպես նաև ժողովուրդների ճակատագրերի վայրիվերումների շարժիչ ուժը մշտապես եղել է պատերազմը: Հետևաբար բնական էր, որ բոլոր ժամանակների մեծագույն մտածողները ձգտել են ընկալել պետությունների կողմից կազմակերպված բռնության էությունն ու կանոնները և լույս սփռել ապագա սերունդների համար այս ամենաազդեցիկ երևույթի վրա՝ ճիշտ վարքագիծ որդեգրելու նպատակով: Սուն Ցզին ու Մաքիավելին, Ֆրիդրիխ Մեծն ու Նապոլեոնը, Կլաուզևիցն ու Ժոմինին, Սուվորովն ու Բլոխը, Մոլտկեն և Շլիֆֆենը, Մեհենն ու Մակկինդերը, Չերչիլն ու Ստալինը, Քենանն ու Քիսինջերը և շատ այլ ականավոր անհատներ ուսուցանելի ժառանգություն են թողել պատերազմի անփոփոխ բնույթի և մշտապես փոփոխվող եղանակի լուսաբանման վերաբերյալ:

Այդուհանդերձ, Հին Հունաստանի պատմաբան և զինվորական, քաղաքական ռեալիզմի հիմնադիր Թուկիդիդեսի անունն առանձնանում է այս պատվավոր շարքում: Վերջինս իր անունն հավերժացրած «Պելոպոնեսյան պատերազմի պատմություն» գիրքը բնութագրել է հետևյալ կերպ. «Այս աշխատությունը նախատեսված չէ ժամանակակից հանրության գրական ճաշակը բավարարելուն, այլ արվել է հավերժ մնալու համար»:

Մեծ հույնի ստեղծագործությունն իրապես վերապրել է ժամանակի մարտահրավերն ու սերնդե սերունդ կրթել է  քաղաքական և ռազմական գործիչներին, հասնելով մեր օրեր: Պետական շատ այրեր անդրադարձել են «Պելոպոնեսյան պատերազմի պատմությանը»: Այսպես, օրինակ, 1947 թ. ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը վկայակոչել էր Թուկիդիդեսին՝ հասկանալու համար սկզբնավորվող «սառը պատերազմը». «Ես լրջորեն կասկածում եմ, արդյոք որևէ մարդ կարո՞ղ է խորհել լիարժեք իմաստությամբ և խորը համոզմունքով այսօրվա որոշ հիմնահարցերի վերաբերյալ՝ գոնե իր մտքում չունենալով Պելոպոնեսյան պատերազմի և Աթենքի անկման ժամանակաշրջանը»: Ժամանակակից մի գիտնական էլ նկատել է.  «Անկեղծ ասած, պետք է հարցնել, թե արդյոք 21-րդ դարի միջազգային հարաբերությունների գիտակները գիտե՞ն որևէ բան, ինչ Թուկիդիդեսը և մ.թ.ա. 5-րդ դարի նրա հայրենակիցները չգիտեին պետությունների վարքագծի մասին»:

Աթենքի պարիսպներն ու հարևանների հանդեպ «վստահությունը»

1988 թվականից ի վեր պատերազմը՝  իր տաք և սառը դրսևորումներով դարձել է մեր կյանքի և ապրելակերպի որոշիչ և անբաժանելի գործոնը: Որևէ երկիր կամ գործիչ ապահովագրված չէ նման ճգնաժամային փուլերում սխալ որոշումներից, սակայն պատերազմի ծագման, միջազգային հարաբերություններում ուժի դերի, ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածության, դաշինքների կենսունակության և դաշնակիցների վարքագծի, քաղաքական և միջազգային գործընթացների հանգուցալուծման ճիշտ և հիմնավոր ընկալումն ու մասնագիտական վերլուծությունն ապացուցված միջոցն են մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու համար: Խիստ կասկածում եմ, որ հայաստանյան ներկայիս որոշում կայացնողները լսել են կամ ծանոթ են Թուկիդիդեսի «Պատմությանը», որն, ըստ էության, բացահայտելով ցանկացած հակամարտության էությունը տարածության և ժամանակի մեջ, կարող էր դարերի խորքից օգնության ձեռք մեկնել և կանխել ճակատագրական սխալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել