Tert.am-ը գրում է․
Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային ժառանգությանը, և, վերջիվերջո՝ Սերժ Սարգսյանի թողած կետին, որի մասին հենց ինքը՝ Նիկոլը, բարձրաձայնեց 2020 թվականի հունվարին իր ասուլիսում։ Երրորդ նախագահին և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանին արցախյան էստաֆետը փոխանցվեց նախորդ բանակցող պատասխանատուներից՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանից, 2007 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների տեսքով։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:
«Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում այդ սկզբունքների հենքով բանակցային փաստաթղթի տեսք ստացավ Կազանյան կոչված տարբերակը (2011թ. հունիս), իսկ դրանից հետո եղած գաղափարները, առաջարկությունները, տարբերակները եղել են աշխատանքային մոտեցումներ՝ non paper ձևաչափով։
2008-ից բանակցային գործընթացը նոր թափ հավաքեց բարձրագույն և բարձր մակարդակով երկկողմ, եռակողմ և բազմակողմ բազմաթիվ հանդիպումներով։ Միաժամանակ երեք գործոն լրացուցիչ մարտահրավերներ էին ստեղծում հայկական դիվանագիտության համար.
1. 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների առիթով Հայաստանի համար սաստկացած արտաքին ազդեցությունները։
2. Գերտերությունների միջև նոր փուլ թևակոխած գեոպոլիտիկ լարվածության անընդհատ աճը (2007-ին ՌԴ նախագահի Մյունխենյան ելույթը, 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ին Ղրիմի և Դոնբասի հարցերով պայմանավորված միջազգային իրավիճակը, 2015-ից Սիրիայում ռուսական օպերացիան, և այլն)։
3. Ադրբեջանի էներգետիկ նախագծերից նավթադոլարային դոպինգը և ռազմական ծախսերի շեշտակի և շարունակական աճը։ Եվ, ահա, այս պայմաններում հայկական դիվանագիտությունը ոչ միայն կարողացավ պահպանել իր կարմիր գծերը, այլև 2007-ի վերջին ի հայտ եկած կարգավորման Մադրիդյան առաջարկի հենքով կարողացավ հասնել միջազգային հանրության կողմից հավանության արժանացած, նրա կողմից պաշտպանվող և երաշխարվորվող ամենահայանպաստ տարբերակին, որը դետալները քանիցս բարձրաձայնվեցին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, իսկ նույն Փաշինյանը Կազանյան փաստաթուղթն անվանեց լավագույնը։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։