Ցեղասպանական գործողությունների, դրսևորումների ականատես ենք լինում աշխարհի տարբեր անկյուններում, հատկապես զինված հակամարտությունների գոտիներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին,  Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումին ունեցած ելույթում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրությունը  ցեղասպանությունների և զանգվածային այլ ոճրագործությունների մասին սկսում է ավելի շատ խոսել և ուշադրություն դարձնել, երբ դրանք արդեն իսկ կայացած փաստեր են։

«Մեր տարածաշրջանում դրա ականատես եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց  ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի, երբ թվում էր, թե աշխարհին տեսանելի են բավարար ռիսկի գործոններ, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։

Ցավոք, մենք անկարող եղանք կանխել և այսօր ականատես ենք այդ անդառնալի հետևանքներին։ Սա այն օրինակներից է, երբ միջազգային կառույցների արձագանքը հավասարազոր չէր ռիսկի գործոններին և տեղում ստեղծված իրավիճակին»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ  ֆորումն անցկացվում է «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել