Տաքսու վարորդն ինձ ասում է, “Որոշել են տաքսիստներին էլ հարկել, էս երկիրը էլ ապրելու տեղ չի, պետք ա թողնել գնալ”։
Դա մոտավոր սեպտեմբեր ամիսն էր, ես առաջին անգամ էի լսում այդ հարկի մասին։ Սեփական պետության նկատմամբ այդ վարորդի վերաբերմունքից ազդվել էի և որոշեցի հասկանալ իրականում ինչքան հարկ է սահմանվել, որ ցանկանում է լքել երկիրը։
Պարզվեց, որ սահմանվել է պետական տուրք՝ այս տարի 2% է, մյուս տարվանից 3,5%։
Այսինքն՝ 1000 դրամանոց պատվերից 35 դրամ։
Յանդեքս տաքսի ծառայությունը, որի միջոցով ես կանչել էի այդ վարորդին, նրանից միջնորդավճար է վերցնում 20%, 1000 դրամից 200 դրամ։
Փաստորեն նա պատրաստ է 5 անգամ ավել վճարել մասնավոր ընկերությանը, բայց չի ցանկանում հարկ վճարել։
Ես կարծում եմ, որ Կառավարությունը ճիշտ ճանապարհ է որդեգրել և հզոր պետություն ունենալու համար պետք է ցանկացած եկամուտ ստացող հարկ վճարի։
Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է Ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:
Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:
Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:
Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած է» (06.12.2019թ):
Հարցնում են, բա ի՞նչ անենք, որ շրջանառության հարկ վճարողներն ագրեսիվ հարկային քաղաքականությամբ չնվազեցնեն շահութահարկ վճարողների հարկային բազան և չգտնվեն արտոնյալ դիրքում նույն աշխատանքը կատարող վարձու աշխատողների նկատմամբ, պատասխանը հետևյալն է՝ բարձրացրեք շրջանառության հարկը, ընդհուպ մինչև 15%: Թող իրենք որոշեն, աշխատեն շրջանառության հարկով, թե՝ ԱԱՀ-ով: Այս դեպքում նույնպես հարկի բարձրացումը պատիկներով կլինի, բայց գոնե հիմնավորում կունենա և համեմատաբար տանելի կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargsyan.nairi/posts/pfbid035gkXLyibcu16Z3BKFYKuMqQGeXF88zMjvkaUecy4vcJiYoYzRRkAvTpUxffsskf6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել