Armsport.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, ով Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին:
«Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է տվել նրան հաջողությունների հասնել Հայաստանի հավաքականի հետ շատ բարդ պայմաններում: Նա նրանցից է, ով 1988 թվականին Ալեքսանդր Կարելինի, ձեր խոնարհ ծառայի և Քամանդար Մաջիդովի հետ միասին հաղթել է Սեուլի Օլիմպիական խաղերում: Նա անպայմանորեն կլինի ՖՍԲՌ-ի կառուցվածքում՝ որպես խորհրդատու, բարեկամ և ընկեր»,- ասել է Մամիաշվիլին։
ՖՍԲՌ-ի ղեկավարը նշել է, որ Ջուլֆալակյանի որդին՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը, տասնամյակ շարունակ հանդիսանում էր կրկնակի օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովի հիմնական մրցակիցներից մեկը:
«Արսեն Ջուլֆալակյանի և մեր մեծագույն Ռոման Վլասովի մրցակցությունը տևեց մոտ մեկ տասնամյակ, ինչը միշտ մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Այսօր Արսենը հանդիսանում է Միացյալ ըմբշամարտի աշխարհի (UWW) բյուրոյի անդամ, և նրա դիրքորոշումը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից մեզ պարտադրվող սահմանափակումների հարցում բաց, հասկանալի և պրագմատիկ էր», — ընդգծել է ՖՍԲՌ-ի նախագահը:
Լևոն Ջուլֆալակյանը 60 տարեկան է, 1999-2019 թվականներին եղել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը: 2002 թվականից հանդիսանում է Հայաստանի սպորտային ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, իսկ 2003 թվականից՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ: