Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ Մոլդովան չկարողացավ հանձնել ժողովրդավարության թեստը նախագահական ընտրությունների և եվրաինտեգրման հանրաքվեի ժամանակ։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մոլդովան, ի դեմս այս ընտրությունների, ժողովրդավարության ոչ մի թեստ չի անցել. թեկնածուներին հեռացրել են անիմաստ պատրվակներով։ Եվ նման ընտրություններ անցկացրած Մոլդովային մեզնից առաջ են դասում»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն անարդար է համարում այն պնդումը, որ Մոլդովան արժանի է լինել Եվրամիության անդամ, իսկ Վրաստանը՝ ոչ, հատկապես անցած ընտրությունների և հանրաքվեի ֆոնին։

«Սա ամոթ է, հենց որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի և ընտրություններ անցկացվեն, այն ժամանակ արդարությունը կվերականգնվի»,- կարծում է Վրաստանւ վարչապետը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Քվեաթերթիկների 98,38%-ը մշակելուց հետո ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկել է ընտրողների 50,07%-ը, դեմ՝ 49,93%-ը։

Մոլդովայում նոյեմբերի 3-ին կկայանա նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Քվեաթերթիկների 98,51%-ը մշակելուց հետո պարզվել է, որ գործող նախագահ Մայա Սանդուն ստացել է ձայների 42,07 տոկոսը, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26,27 տոկոս։ 

Սանդուն նախագահում է 2020 թվականից և հանդիսանում է «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հիմնադիրը։ Սանդուն եվրաինտեգրման կողմնակից է, նրա կառավարման օրոք 2022 թվականին Մոլդովան ստացել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Ստոյանոգլոն նախկինում գլխավոր դատախազ էր։ Նրան այս պաշտոնում նշանակել էր Սանդուի նախորդը՝ Իգոր Դոդոնը: Գործող նախագահը աշխատանքից ազատել էր Ստոյանոգլոյին` համարելով նրա աշխատանքն անբավարար։ Ստոյանոգլոն իրեն անվանում է Մոլդովայի չեզոքության կողմնակից և Ռուսաստանը համարում է «զարգացման գործընկեր», որի հետ «պետք է ընկերներ լինել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել