Tert.am-ը գրում է.
Ներկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներն առավել քան օբյեկտիվ եմ և անաչառ:
Այս մասին հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո երկրում տեղի ունեցող ներքաղաքական ընդվզումները, անկախ յուրահատկություններից, մասնակիցներից և առաջնորդներից, երկու հիմնական նմանություն ունեն. նախ, այդպես էլ չեն հասնում իրենց հիմնական նպատակներին, և երկրորդը՝ դրա հետևանքով հանրային դաշտում հանգեցնում են «մանդատները դրեք» թեզի անիմաստ շահարկումներին։
Հայտնի հանգամանք է, որ ինքս դեմ եմ եղել 2021-ի արտահերթ ընտրություններին ընդդիմության՝ ընդհանրապես, և ՀՀԿ-ի՝ մասնավորապես, մասնակցությանը։
Ավելին, պատերազմից 2 ամիս անց զորացրվելուց հետո անձամբ եմ խնդրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ չառաջարկել ինձ առաջադրվել արդեն այդ ժամանակ նշմարվող արտահերթին։ Ուստի ներկայիս փուլում մանդատները վայր դնելու քննարկումներին առավել քան օբյեկտիվ եմ և անաչառ։
Ամենասկզբից էլ ասեմ, որ 2021-ի ընտրություններին հաջորդած հիմնական զարգացումները միայն ամրապնդում են այն տեսակետը, որ այդ ընտրությունները պետք էին բոլորին, բացի հայ ժողովրդից, և դրանց մասնակցելը սխալ որոշում էր։ Թող չնեղանան ինձանից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, այդ թվում՝ իմ ընկերները, նրանց գործունեությունն այսօրվա օրենսդիրում նույնպես չի բավարարում հանրային դաշտի հիմնական ակնկալիքները (մեղմ ասացի, որովհետև սա առանձին բարդ խոսակցություն է)։
Սակայն, այսքանով հանդերձ, պիտի ուղիղ և հիմնավոր պնդեմ, որ այս անգամ ևս ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու քննարկումները նույնիսկ իրացման դեպքում անգամ կես քայլով չեն մոտեցնի մեզ մեր պայքարի հիմնական նպատակին՝ իշխանափոխության միջոցով կանխել Հայոց պետականության շարունակվող ոչնչացումը։
Հերթով անդրադառնանք դաշտում հնչող այդ առաջարկության հիմնական հիմնավորումներին։
1. «Ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը կառաջացնի սահմանադրական ճգնաժամ»։
Այս փաստարկը ՀՀ Սահմանադրության հետ որևէ իրական աղերս չունի, և բազում բանիմաց իրավաբաններ քանիցս անդրադարձել են այս հարցին։ Ցավոք, նույնիսկ ֆորմալ առումով «անընդդիմադիր» խորհրդարանը մնալու է սահմանադրական իրավակարգի օպերացիոն ինստիտուտ։ Մանդատներից հրաժարվելը չի առաջացնելու սահմանադրական ճգնաժամ։ Տխուր է, բայց փաստ։
2. «Մանդատները վայր դնելը բերելու է քաղաքական ճգնաժամի»։
Ավաղ, այս հիմնավորումը նույնքան նաիվ է, որքան ոմանց մոտ դեռևս գոյություն ունեցող ինքնախաբեությունը, թե «Նիկոլը չուզելով, չհասկանալով, չջոկելով է» մեզ հասցրել այս ազգային աղետին։ Նախ, Հայաստանն առանց այդ էլ՝ 2018-ից մեկնարկած, իսկ 2020-ից՝ բացահայտ դարձած քաղաքական չհանգուցալուծվող ճգնաժամի մեջ է, ու դա բացարձակ փաշինյանական ռեժիմի ֆեյխոային չէ։ Նրանք շարունակում են համառորեն կյանքի կոչել այն ծրագիրը, որի համար միամիտ ժողովրդի ձեռամբ, բայց դրսի ստվերային տիկնիկավարների քավորությամբ բերվել են իշխանության։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: