Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ։
Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Վերջինիս հաղորդմամբ՝ խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան:
Գերատեսչությունը նշում է, որ Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար:
«Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը»,-հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։