Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։
Տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:
Մետրոյից օգտվելու ժամանակ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակի գործել։
Միաժամանակ նշենք, որ մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն, այսինքն 100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման:
Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։
Շատերդ հարցնում եք, ե՞րբ և ինչպե՞ս պետք է կարողանանք օգտվել այդ համակարգից:
Հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները:
Կգործարկվի նոր կայք, որի միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ ձեզ համար նախընտրելի տարբերակով:
Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին:
Հավելենք նաև, որ այս ամենի մասին շուտով հանրությանը կիրազեկվի տեղեկատվական և սոցիալական բնույթի հոլովակներով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02T27DDFSVZ1o5PDDU8iKRuie6vKVuAnZUcm8tUN5mPNiKuBbgmSNpoxLT9rQx3jwml&id=100013894668742
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել