168.am-ը գրում է․
Գրիգոր Մինասյանի` աշխատանքից ազատվելուց հետո արդարադատության նախարարի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Վերջին օրերի ֆավորիտ եռյակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է արդարադատության նախարարի պաշտոնից։
Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում քվեարկվելու է ՔՊ-ական 2 պատգամավորի` Արփի Դավոյանի ու Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում, ինչը պնդում են Արփի Դավոյանն ու Անդրանիկ Քոչարյանը։
Արփի Դավոյանը մեծ ցանկություն ունի նախարար դառնալու ու ՔՊ վարչությունում ակտիվ լոբբինգ է անում իր օգտին։ Այդ հարցում նա ունի ՔՊ-ում հարցեր լուծող Անդրանիկ Քոչարյանի աջակցությունը:
Բայց Արփի Դավոյանը խնդիր ունի։ Նիկոլ Փաշինյանը դեմ է նրա թեկնածությանը, թեպետ բացահայտ բարձրաձայն դեմ չի արտահայտվել։ Վերջինս մտահոգություն ունի, որ Արփի Դավոյանի նշանակումը կզրոյացնի ՔՊ-ի` առանց այդ էլ չեղած վարկանիշը։
ՔՊ-ին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրներն ասում են` շրջանառվող թեկնածուների մեջ Փաշինյանը ֆավորիտ առհասարակ չունի։ Խոսում են նաև, որ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է անցկացնել իր թեկնածուին` Արփի Դավոյանին։ Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ական այլ պատգամավորներ նույնպես կողմ են, որ հենց Արփի Դավոյանը դառնա նախարար։ Փաշինյանն ասել է՝ հարցը դրեք վարչության նիստին, քվեարկեք:
Տպավորություն է, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ամեն կերպ ջանում է ազատվել Արփի Դավոյանից։ ՔՊ-ական մեր աղբյուրը նաև նշեց, որ ՔՊ-ում ոչ թե նախարարի լավագույն թեկնածու են փնտրում, այլ եղածների մեջ փորձում են նախապատվությունը տալ նրան, ով ավելի քիչ քննադատության կենթարկվի։ Արփի Դավոյանը, սակայն, դրանով մտահոգ չէ։ Ինքն ուզում է նախարար դառնալ, և վերջ։