168․am-ը գրում է․
Իսրայելի Պաշտպանության բանակը X սոցիալական հարթակի միջոցով Բեյրութի հարավային արվարձանների Հադաթ և Շուվայֆաթ թաղամասերի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանել մի քանի շենքեր, քանի որ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ այնտեղ են շիական «Հեզբոլլահ»-ի կառույցները:
Դիմելով հարավային արվարձանների բոլոր բնակիչներին, մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են կցված քարտեզների վրա նշված շենքերում և հարակից տներում՝ Իսրայելի պաշտպանության բանակը շեշտել է, որ նրանք «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մոտ են։
«Ձեր և ձեր սիրելիների անվտանգության համար դուք պարտավոր եք անհապաղ տարհանել այդ շենքերը և մնալ դրանցից առնվազն 500 մետր հեռավորության վրա», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրել է Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս խոսնակ Ավիչայ Ադրեյը:
Ավելի վաղ Al Manar հեռուստաալիքը հայտնել էր, որ նոյեմբերի 23-ի գիշերը իսրայելական ռազմական ինքնաթիռները մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։
Առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի կենտրոնի բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով շենքը փլուզվել է։ Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը, Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած հարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, վիրավորվել՝ 23-ը։