Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ և դադարեցրեց նրա դատավորական լիազորությունները:

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց. « ԲԴԽ-ն, քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Միսակյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել, որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»:

Անդրեասյանը նշեց, որ ԲԴԽ-ն միաձայն է որոշումը կայացրել:

«Հարկ է արձանագրել՝ Վահե Միսակյանի կողմից թույլ տված արարքը՝ որպես էական կարգապահական խախտում, գնահատելու համար հիմք  է հանդիսացել ԲԴԽ 2024 թվականի ապրիլի 4-ի որոշման կիրառված խիստ նկատողություն ունենալու պայմաններում կարգապահական խախտում կատարելը:

Վահե Միսակյանի վարույթում գնտվող միջին ծանրության հանցագործության քրեական գործի շրջանակներում փորձաքննություն նշանակելու և վկաներ հարցաքննելու անհրաժեշտության բացակայության պայմաններում, ընդամենը 1 գործողություն պահանջող մեկ մեղադրյալ հարցաքննելու համար նշանակել է 18 դատական նիստ, որոնցից 14-ը հետաձգել է, արդյուքնում գործը քննել է երեք տարուց ավելի ժամկետում»,- ասաց Անդրեասյանը:

Նշենք, որ ըստ ներկայացված միջնորդության, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ԱՆ-ի հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։

Մասնավորապես, Մանուկյանը մեղադրվում էր իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Դատավոր Միսակյանը, գործը ստանալով 2021 թվականի մարտին, դատավճիռ է հրապարակել 2024-ի հունիսին։ Նա Մանուկյանին մեղավոր է ճանաչել և դապարտել 400,000 ՀՀ դրամի չափով տուգանքի։

Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու:

Հիշեցնենք, որ Վահե Միսակյանը նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատավորն է եղել։ Դատարանն արդարացրել է Սերժ Սարգսյանին` հանցակազմի բացակայության հիմքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել