
Փաշինյան–Էրդողան հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման փաստաթղթի և տրանսպորտային կոմունիկացիաների վերաբերյալ հարցերը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Թե Հայաստանի, թե Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, այդ թվում երկաթուղու ու այլ հաղորդակցության ուղիների վերաբերյալ բավականին մեծ կարևորություն ունի։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ձգտում է դեպի կենտրոնական Ասիայի իր կապուղիները ավելի բարելավել, Հայաստանի համար, որպես դեպի ելք ծով չունեցող պետություն ուղղակի կենսական անհրաժեշտություն է ունենալ բաց սահմաններ և վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ պրակտիկորեն մեր երեք, եթե ոչ երեք ու կես սահմանները փակ էին՝ կապված Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ։
«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը բնականաբար ներկայացվեց, ըստ էության կա ընդհանուր ըմբռնում, որ Հայաստանը կառուցողական է մոտենում իր առաջարկներով կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի մեր գործընկերների կողմից»,– ընդգծեց ԱԳ փոխնախարարը։