Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Անդրկովկասում տիրող իրավիճակը և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ: Ընդգծվել է արտաքին քաղաքական համակարգման ներկայիս բարձր մակարդակի պահպանման երկուստեք շահագրգռվածությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախարարները հաստատել են Ռուսաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության կառուցման ուղու անփոփոխությունը և նախկինում համաձայնեցված բոլոր համատեղ նախագծերի իրականացման հանձնառությունը: Լավրովն ու Արաղչին համաձայնեցրել են բարձրագույն և բարձր մակարդակներում առաջիկա շփումների ժամանակացույցը։ Լավրովն իրանցի գործընկերոջը կրկին հրավիրել է Մոսկվա: