Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկվանից Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ» շարժման թիրախների դեմ Իսրայելի պաշտպանության բանակի լայնածավալ ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, կա 1835 վիրավոր։

Ինչպես նշում է Times of Israel-ը, առայժմ հայտնի չէ՝ զոհերից քանիսն են խաղաղ բնակիչ, քանիսը՝ «Հեզբոլլահ»-ի անդամ:

Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» դիրքերին Լիբանանի հարավում և Բեքաա հովտում, ներառյալ այն տները, որտեղ շարժումը զենք է պահում:

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել էր, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել էին, նրանց կոչ էր արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ օդուժը թիրախավորում է այն տները, որտեղ «Հեզբոլլահ»-ը «հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր» է պահում:

Լիբանանի հարավի հազարավոր բնակիչներ երեկվանից շտապում են հեռանալ բնակավայրերից: Հաղորդվում է, որ «Հեզբոլլահ»-ը իր հերթին երկուշաբթի ավելի քան 200 հրթիռ է արձակել, իսկ այսօր՝ ավելի քան 100: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Իսրայելի հյուսիսում դպրոցները փակվել են:

Ելույթ ունենալով Թել Ավիվի ռազմական շտաբի ստորգետնյա հրամանատարական սենյակից՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը փոխում է ուժերի հավասարակշռությունը «Հեզբոլլահ»-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել