Միացյալ Նահանգներն անսասան է մնում հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումներին, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը` շնորհավորելով Հայաստանին ու հայ ժողովրդին ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի առիթով։
«Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը պատասխանատու կառավարման և օրենքի գերակայությանը մեծ մարտահրավերների ժամանակ: Մենք կշարունակենք պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանի կայուն և արժանապատիվ խաղաղությունը», - նշել է նա:
Բլինկենը շեշտել է, որ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ ԱՄՆ-ն հպարտ է շարունակելու աջակցել Հայաստանին, որը դառնում է ժողովրդավարական համայնքի ծաղկուն անդամ:
Նա նաև արձանագրել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ հավելելով, որ աշխատում են Հայաստանին էներգակիրների մատակարարումը դիվերսիֆիկացնելու և նրա բնակչության և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
«Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապված, կայուն և անվտանգ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում։