Ֆրանսիան միշտ Հայաստանի կողքին է։ Ֆրանսիայում շատ քիչ թեմաներ կան, որոնց շուրջ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, և Հայաստանը դրանցից մեկն է։ Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա։ Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Չնայած սպառնալիքներին, չնայած ակնհայտ թշնամանքին, որը Ռուսաստանը դրսևորում է և ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ժողովրդավարություն և ազատություն, փուլ առ փուլ առաջ է գնում», - ասաց Սեժուրնեն՝ շեշտելով, որ սա է պատճառը, որ Ֆրանսիան աջակցում է նաև Ուկրաինային։
Նա նաև շեշտեց, որ Ֆրանսիան շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, ամբողջականությունը և բնակչությանը, և շեշտելով, որ երկու երկրի պաշտպանական համագործակցությունն ուղղված չէ տարածաշրջանում իրավիճակի սրմանը, նման մտադրություններ ոչ ոք չունի։
Նա հավելեց Ֆրանսիան պատրաստվում է աջակցել Հայաստանին ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով փախստականների աջակցությանը: Բացի այդ, Ֆրանսիան շարունակելու է Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված աջակցությունը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ստեֆան Սեժուրնեն նաև ընգծեց, որ իր այցը Հայաստան հաստատվել է Ֆրանսիայի նոր վարչապետի և նախագահի կողմից:
«Կարելի է ասել, սա պետության հանձնառության շարունակականությունն է դրսևորում, մեր պաշտպանած արժեքների փոփոխություն չի լինելու։ Մեր հարաբերությունների ու աջակցության շարունակակությունը պահպանվելու է», - նշեց նա՝ շեշտելով, որ գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի, ինչի մասին փաստում է նաև իր ներկայությունը: