«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան ու ներկայացրել իր շուրջ կատարվող իրադարութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր եւ այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել:
Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս:
Ա.Բ.-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում` Ա.Բ.-ն կալանավորվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողվուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:
Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը, տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված, առաջնորդվելով զուտ ենթադրությամբ, արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)». սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:
Այսպիսով` ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա տեւական ժամանակ է` գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար։
Եվ հիմա գործը հասել է Եվրադատարան»: