Երեկոյան Երեւանի ժամանակով 20:15-ից Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում կմեկնարկի Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի կիսաեզրափակիչները:

Եզրափակիչի ուղեգրերի համար Հայաստանից կպայքարեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Մալխաս Ամոյանը (77 կգ):

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում կգոտեմարտի աշխարհի չեմպիոն, Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության հաղթող, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանի հետ:

Արթուր Ալեքսանյանն ու Գաբրիել Կինդելանը նախորդ անգամ մրցագորգում հանդիպել են 2023 թվականին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնության եզրափակիչում, որտեղ օլիմպիական չեմպիոնը պարտվել է 3:3 հաշվով՝ կուբացու առավելությամբ: Աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտի վերջին վայրկյաններին 3:1 հաղթելիս, կուբացի ըմբիշը երկու միավորանոց հնարքով հավասարեցրել էր հաշիվը:

Փարիզի մրցագորգում Արթուր Ալեքսանյանը երկու հաղթանակ է տարել: 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթլ է Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին, քառորդ եզրափակիչում, գերլարված պայքարում 9:5 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովի նկատմամբ:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակայի հետ:

Մալխաս Ամոյանն ու Նաո Կուսական հանդիպել են 2022 թ. աշխարհի Մ23 առաջնության կիսաեզրափակիչում, որտեղ Ամոյանը հաղթել է 9:5 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել