Ես անձամբ կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել, որովհետև հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր: Այս մասին ԱԺ ամբիոնից  ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանի այն դիտարկմանը, որ քայլեր  պետք է ձեռնարկվեն, որ Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է  քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը, որովհետև ԼՂ, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի ու ՀՀ-ում նման կարգավիճակ այլևս որևէ մեկը չունի: Ես չգիտեմ՝ ում հետ պետք է դա քննարկեմ հավանական նիստի պարագայում: Որպես իրավաբան նույնպես կարծում եմ, որ այդ ֆորմատը գոյություն չունի»,-ասաց Սիմոնյանը:

Արձագանքելով՝ Արծվիկ Մինասյանն ասաց.

«Եթե մենք շարժվում ենք Սահմանադրությամբ և օրենքներով, ապա Արցախի իրավական արտահայտություն առկա է ոչ միայն հայաստանյան բազմաթիվ օրենքներում,  այլ միջազգային պայմանագրերում, ու այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ  փորձի վերացնի կամ չվերացնի, ինստիտուտներ կան դրա համար: ԱՀ-ի ԱԺ-ն, որին ընտրել է Արցախի ժողովուրդը, դուք իրավասու չեք համարել չեղյալ, դուք պարտավոր եք առաջնորդվել օրենքով: Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտավորությունն է դրանցով շարժվելը»:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց.

«Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց իսկ պաշտոնյաների որոշմամբ: Իրավահարաբերությունները հնարավոր են, թե կա երկու կողմ: Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների  ընդունելության օր կազմակերպեմ: Դա է իմ միակ պարտականությունն այսօր»:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել