Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսին։
Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, Աթանասիոս Գարինիսը բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները ՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․ դեկտեմբերին Հունաստան և այս տարվա մարտին Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։
ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև հայ-հունական երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում առկա ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին։