Եվրոպական միությունը եղել և շարունակում է լինել բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի կարևոր, առանցքային գործընկերը․ ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս հարցում Երևանի ամենամեծ դոնորներն են։

Այս մասին Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումի շրջանակներում ողջույնի խոսքում ասաց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Մենք աջակցում ենք Հայաստանի բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, աշխատում ենք անկախ մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, նաև արդարադատության ու ոստիկանության բարեփոխումների հարցում ենք աջակցում։ Աջակցում ենք գենդերային հավասարության, կանանց հավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի, երեխաների իրավունքների, ինչպես նաև լրատվամիջոցների ազատության առումներով:

Հատկապես կցանկանայի նշել մեր համագործակցությունը ՆԳՆ-ի հետ։ Մենք Հայաստանին նաև աջակցում ենք անվտանգության ոլորտի ռեֆորմների հարցում: Կարծում եմ՝ հաջող է եղել պարեկային ծառայության ներդրումը։ ԵՄ-ն մոտ 76 ժամանակակից մեքենաներ է նվիրաբերել, որպեսզի ոստիկանությունը կարողանա պատշաճ կերպով իր գործառույթներն իրականացնել»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ շեշտելով, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել և իր փորձով կիսվել Հայաստանի հետ՝ այդ բարեփոխումներն ի կատար ածելու գործում։

Վասիլիս Մարագոսը նաև անդրադարձել է արդարադատության նախարարության ռեֆորմներին ուղղված ԵՄ աջակցությանը և նշել, որ մոտ 40 միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն է տրամադրվել ՀՀ կառավարությանը ։

«Դատական իշխանության արդյունավետության ուղղությամբ ենք աշխատում, ինչպես նաև առհասարակ արդարադատության հասանելիության ուղղությամբ ենք աշխատում, որը շատ կարևոր է խոցելի խմբերի համար»,- տեղեկացրել է Մարագոսը՝ հավելելով, որ աշխատանքները տարվում են տարբեր դերակատարների հետ՝ Եվրոպայի խորհրդի հետ, որն այդ չափորոշիչները սահմանող կառույցն է Եվրոպայում։

ԵՄ դեսպանն իր խոսքում նաև ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են տարվում ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր գործընկերության օրակարգի շուրջ։

«Ես, իհարկե, ակնկալում եմ, որ ժողովրդավարությունը լինելու է այս համագործակցության առաջնագծում»,- նշել է դեսպանը։

Վերջինս կարևորել է նաև ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը․

«Այն իսկապես աջակցում է կայունության ապահովմանը սահմանին, շատ պրոֆեսիոնալ մշտադիտարկում է իրականացվում հենց այդ խոցելի տարածքներում։ Մենք նաև միասին քննարկում ենք, թե ինչպես կարող ենք մոբիլիզացնել աջակցություն «խաղաղության գործիքի» շրջանակներում:

Ժողովրդավարությունը հիմնական նպատակներից մեկն է, բայց նաև մի բան եմ ուզում նշել՝ մենք նաև այլ ներդրումներ ենք կատարելու դիմակայունության և զարգացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, կապուղիների ստեղծման, ձեռնարկատիրության զարգացման ուղղությամբ, որ Հայաստանն ավելի մոտ գտնվի Եվրոպային», – ընդգծել է Մարագոսը և նշել, որ ԵՄ-ն խրախուսում է ՀՀ-ին՝ շարունակել իր ջանքերը համապարփակ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել