Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։

«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։ 

Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։

«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս  արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,-եզրափակեց Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել