ԵՄ միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Եվրամիության դռները բաց են Վրաստանի համար, բայց եթե Վրաստանի կառավարությունը շարունակի ընթանալ «նույն ուղիով», ապա այդ դուռը կփակվի, փոխանցել է SOVA-ն։
«Մենք կքննարկենք իրավիճակը Վրաստանում։ Պարզ է մի բան. ԵՄ դռները բաց են Վրաստանի համար, բայց եթե կառավարությունը շարունակի ընթանալ նույն ճանապարհով, շարունակի նույն գործողությունները, այդ դուռը կփակվի, եւ վրացի ժողովուրդը դրա դիմաց կվճարի նրանով, որ եվրոպական հեռանկարը կկրճատվի կամ, գուցե, առհասարակ կչեղարկվի։ Մենք լուրջ խնդրի մասին ենք խոսում։ Եթե այդպես շարունակվի նաեւ այսուհետ, ԵՄ դռները չեն բացվի»,- ընդգծել է Բորելը։
Գերագույն հանձնակատարը նշել է, որ հունիսի 24-ին ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ղեկավարների նիստում քննարկվելու է Վրաստանի հարցը։ Մասնավորապես, կներկայացվի փաստաթուղթ այն միջոցների մասին, որոնք ԵՄ-ը կարող է ձեռնարկել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։
«Որոշումն այսօր չի ընդունվի, բայց կարճաժամկետ հեռանկարում կարող են ձեռնարկվել միջոցներ, օրինակ՝ բարձր մակարդակով քաղաքական շփումների դադարեցում, ինչպես նաեւ որոշակի ֆինանսական աջակցության դադարեցում, որը ուղղակիորեն ուղղված է պետական ֆինանսավորմանը։ Մենք չենք ցանկանում, որ այդ միջոցներն ազդեն քաղաքացիների վրա»,- նշել է Բորելը։
Հիշեցնենք, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», Վրաստանում ուժի մեջ է մտել 2024թ. հունիսի 4-ին։ 60 օր անց (սեպտեմբերի 4-5-ին) բոլոր կազմակերպությունները, որոնք զգալի օտարերկրյա ֆինանսավորում ունեն, պետք է գրանցվեն հատուկ պորտալում։