Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը համայնքի 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ընթրիքից հետո:

«Այսօր համաձայնություն չկա», – ասել է նա՝ նշելով, որ ղեկավարները լսել են ֆոն դեր Լայենին, որը «հայտնել է իր մտքերը ԵՄ ապագայի վերաբերյալ»։

Միշելի խոսքով՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական խորհրդի և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարների նշանակման հարցը կլուծվի մինչև հունիսի վերջը։

«Այսօր որոշումներ կայացնելու նպատակ չի եղել», – հավելել է նա։

Ակնկալվում է, եվրոպական կառույցների ղեկավար պաշտոնների նշանակման հարցը կլինի հունիսի 27-28-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում։

Մարտի 7-ին ֆոն դեր Լայենը որպես Եվրահանձնաժողովի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ ԵՀ ղեկավարը նշանակվում է Եվրամիության ղեկավարների որոշմամբ՝ ԵՄ գագաթնաժողովում և հաստատվում Եվրախորհրդարանում գաղտնի քվեարկությամբ, որի արդյունքներով թեկնածուն պետք է ստանա ձայների մեծամասնությունը:

Ըստ ավելի վաղ արված տարբեր հրապարակումների՝ ԵՄ երկրները նախնական համաձայնություն ունեն Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերանշանակման շուրջ։ Որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշվում է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել