Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շարունակվող ձերբակալություններով և կոչ է անում կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով Ադրբեջանում հայտնի տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը Abzas Media-ի հետաքննության շրջանակներում։

«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններով։ Նրանք, ովքեր օգտագործում են իրենց հիմնարար ազատությունները, ներառյալ խոսքի ազատության իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար: Եվ մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին և հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Միլլերը։

Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 3 ամսով 20 օրով կալանավորել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեին, ով հանդես է գալիս Abzas Media անկախ հրատարակության գործով։ Հրատարակության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության մեջ (Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդված):

Մեհրալիզադեին մեղադրանք է առաջադրվել նաև արտարժույթի մաքսանենգության համար։ Դատարանում նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ ասելով, որ գործնական կապեր չունի Abzas Media հրատարակության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել