Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու գործում։ Այս համատեքստում, մասնավորապես, շեշտվել է համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունն աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում։

«ՄԱԿ-ի կառույցների հետ ունենք համագործակցության լայն շրջանակ, որն ընդգրկում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի գրեթե բոլոր ոլորտները։ Ուրախ ենք և պատրաստակամ՝ շարունակելու համատեղ աշխատանքներն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով»,- նշել է նախարարը։

Անդրադառնալով ոլորտային ռազմավարություններին՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ժողովրդագրության, զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նախարարը նշել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գերակայություններին անդրադարձ է կատարվել նաև օրերս Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին, որի շրջանակում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի և աղքատության դեմ պայքարի ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտի զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել