Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ», ըստ նրա՝ «դա վնասակար քաղաքականություն է». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը:

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում «ռևանշիստական ուժերին» (չակերտները՝ Tert.am): Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում «օկուպացիա և ագրեսիա» (չակերտները՝ Tert.am) իրականացրած երկիր է. նման երկրին զինելն անընդունելի է», - ասել է Հաջիևը։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:

«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», - X-ում գրել էրպաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել