Իսրայելի բանակը համակարգված կերպով խախտում է Գազայում պատերազմի օրենքները, որոնք պահանջում են մարտական գործողությունների ընթացքում նվազագույնի հասցնել զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) զեկույցում:

«Պատերազմ վարելու այնպիսի միջոցներ և մեթոդներ ընտրելու պարտավորությունը, որոնք կանխում կամ գոնե հնարավորինս նվազագույնի են հասցնում քաղաքացիական անձանց պատճառված վնասը, ըստ երևույթին, համակարգված կերպով խախտվել է Իսրայելի ռմբակոծությունների ընթացքում», – փաստաթղթում մեջբերվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի խոսքը:

Զեկույցում նշվում է, որ անօրինական թիրախավորումը, որն «իրականացվում է լայնամասշտաբ կամ համակարգված հարձակման շրջանակներում՝ պետական քաղաքականությանը համապատասխան, կարող է ենթադրել մարդկության դեմ հանցագործությունների կատարում»:

ՄԻԳՀՎ-ում ափսոսանք են հայտնում, որ Իսրայելն ամենամահաբեր ռմբակոծությունների համար ոչ մի բացատրություն չի տվել ամիսներ անց, չնայած հրապարակային խոստումներին:

Նշվում է, որ չնայած զեկույցի ուշադրության կենտրոնում Իսրայելն է, սակայն փաստաթուղթը նաև ընդգծում է, որ պաղեստինյան զինված խմբավորումները շարունակում են ոչ խտրական կերպով արկեր արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական օրենքին։

Հունիսի 12-ին ՄԱԿ-ը հայտնել էր Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրագործման մասին։

Իսկ մայիսին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը դիմել էր Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել