ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին կհանդուրժի ևս մեկ տարի` մինչև 2025 թվականի գարուն, իսկ հետո կփոխարինի նրան: Պատճառը, ըստ ՌԴ նախագահի, Ուկրաինայի զինված ուժերի մեծ կորուստներն են, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կստիպի Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը կայացնել այս որոշումները՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան, իսկ հետո նրանք պարզապես կազատվեն Զելենսկիից»,- ասել է Պուտինը։

«Սա հեշտ պատմություն չէ,- ասել է նա՝ խոսելով Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքային շեմի իջեցման մասին:- Օրենքը պետք է ընդունվի և որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Հիմա 2024 թվականի հունիսն է, այս ամենն անելու համար, ինձ թվում է, պետք է մեկ տարի: Մինչև գարուն, մինչև առնվազն հաջորդ տարվա սկիզբը նրան (Զելենսկիին) կհանդուրժեն։ Երբ նա ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն»։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում Արևմուտքի թեկնածուները մի քանիսն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել