Համապատասխան կերպ առկա է հրավիրվածների ցուցակ, մնացածը դիմեք գրավոր թող պատասխանեն:

Այս մասին Ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ Վեհափառ հայրապետը Սարդարապատի հուշահամալիր մտնելով հասարակական կա՞րգ էր խախտում, որ փորձ էր արվում կասեցնել նրա այցը։

ՆԳՆ շենքի մոտ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման դուրս եկան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, որոնք հայտնեցին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունի և չի կարող հանդիպել Սրբազանի հետ։

Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ Սրբազանին խնդրեց, որ ոստիկանները չթիրախավորվեն։ Նրա խոսքով՝ ծառայողական քննություններ կան։

«Ոստիկանների կողմից կատարված գործողությունների, որոնք իրար մեջ ենթադրում են կարգապահական խախտումներ մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան նույն ձև քրեական վարույթներ կան հարուցված»,- ասաց Մարտիրոսյանը։

Սրբազանը նախ նշեց, որ ոչ ոք ոստիկանների չի թիրախավորում, գնահատու են այն, ինչ անում են։

«Բայց իրենց հրաման տվող կա, մենք այդքանը մտածում ենք, չէ՞։ Ծառայողական քննություններն էլ գիտեմ, կոծկումներն էլ գիտեմ»,- ասաց Սրբազանը։

Մարտիրոսյանն էլ ասաց, որ եթե ցանկանում են կարող են ներկայացուցիչ ներգրավվել բոլոր ծառայողական քննությունների ընթացը կարող է ցույց տալ։

Շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանն էլ ասաց, որ խոսքը շարքայինների մասին չէ, այլ բարձրաստիճան ոստիկանների, որոնք ամենավերջին սպառնալիքներն են հնչեցրել, նույնիսկ պատգամավորների հասցեին և նա հնչեցրեց Ջոմարդյանի ազգանունը ու ասաց, որ նա անձամբ իրեն սպառնացել է։

Ապա` լրագրողները Մարիտիրոսյանից հետաքրքրվեցին երեկ Սարդարապատի Հուշահամալիրում ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը արգելելու միջադեպին։

Հարցին՝ հարյուրավոր ոստիկաններ կանգնում և կասեցնում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նմանօրինակ խայտառակ միջադեպեր գրանցվե՞լ է ոստիկանությունում, Մարտիրոսյանն ասաց․

«Ես իմ ստորաբաժանման անունից եմ հանդես գալիս»։

Հարցին էլ՝ ծառայողական քննություն անցկացվելո՞ւ է հոգևոր դասին քաշքշելու համար, նա արձագանքեց․

«Դուք գնահատականներ մի տվեք, խնդրում եմ բոլոր մնացած հարցերը մեր վարչությանը գրավոր ուղղեք»։

Իսկ թե որպես քաղաքացի նորմա՞լ է համարում Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, նա նշեց, որ ինքը ոստիկանության ծառայող է և իրականացնում է իր լիազորությունները։

Հարցին՝ Վեհափառը Հուշահամալիր մտնելով հասարակական կա՞րգ էր խախտում, նա ասաց․

«Համապատասխան կերպ առկա է ցուցակ հրավիրվածների և չէ, մնացածը դիմեք գրավոր թող պատասխանեն, ես իմ մասով չեմ կարող պատասխանել, իմ ստորաբաժանումը զբաղված է այլ գործառույթներով։ Բոլոր հարցերը գրավոր դիմեք պատասխանեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել