«Հրապարակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, տավուշցի պատգամավոր, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը։

- Պարոն Ղալումյան, ի՞նչ իրավիճակ է այս պահին Կիրանցում, ի՞նչ գործընթացներ են ընթանում, ժողովրդին ասեք, թե ինչ է անում իշխող ուժը Կիրանցում։

- Որքան գիտեմ` արդեն անցել են մնացած սյուների տեղադրման աշխատանքներին։ 9 սյուն է տեղադրվել, մնում է 3 կամ 4 սյուն։

- Այդ սյուներն անվտանգային ի՞նչ երաշխիքներ են տալիս, կարծում եք, թե սյուները տեսնելով՝ ադրբեջանցիներն առաջ չե՞ն գալու։

- Լեգիտիմությունն է մեր անվտանգությունը։ Միակ երաշխիքը սա է եւ սկսվող համագործակցությունը։

- Դուք Տավուշի մարզից եք, Ձեր մերձավորների, հարազատների շրջանում ասում են, որ Դուք եւ Ձեր ընտանիքը չէիք կարող համակերպվել Տավուշում կատարվողի հետ, որ Փաշինյանն ասեր՝ ծառեր տնկեք, եթե չեք ուզում ադրբեջանցիներին տեսնել։ Ասում են՝ դուք չէիք կարող այս ամենի հետ հաշտ լինել։ 

- Դա ո՛չ իմ, ո՛չ էլ իմ բարեկամների հաշտվելու հետ ոչ մի կապ չունի։ Վաղ թե ուշ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներ սկսեին եւ անեին։ Տարածաշրջանի բոլոր բնակիչներն են իմացել, որ այդ սահմանն այդպես է եղել։ Եթե այսօր խնդիր է առաջանում որոշակի հատվածների մասով, ապա, այո, չենք պատկերացրել, որ նման բան կարող էր լինել։ 

- Ինչո՞ւ Փաշինյանը չկարողացավ այնպես բանակցել, որ սահմանը կիրանցեցիների տների միջով չանցներ, գոնե մի 5 մետր հեռու լիներ, որ բնակիչներն իրենց տները լքելու խնդրի առջեւ չկանգնեին։

- Խնդիրը նրանում է, որ դա վարչապետի բանակցելու հետ կապ չունի։ Սա 1976թ․-ին գծված քարտեզի վերարտադրությունն է, բանակցելու ոչինչ չկա։ 

- Փաշինյանն ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց Տավուշից հող չեմ տա։ Եթե, ինչպես ձեր թիմն է ասում, Տավուշից ոչ մի մետր չի հանձնվում, այդ դեպքում ինչո՞ւ եք Կիրանցի բնակիչներին տների փոխհատուցում տալիս, Ոսկեպարի ճանապարհին փոխարինող այլընտրանքային ճանապարհ կառուցում։ 

- Խնդիրը նրանում է, որ այդտեղ մի հատ բենզալցակայան կա, ավտոլվացման կետ կա, տաղավար կա, դրանք սարքողներն իմացել են, որ դա Ադրբեջանի հողն ա, իրենք սեփականության վկայականներ չունեն։ Երեւան քաղաքում կան հարեւանների հողեր, եթե հիմիկվա քարտեզներով փորձենք կադաստրի վկայականով ճշտել, իրար հետ անհամապատասխանություն է լինելու։ Տավուշի մարզից հող տալու մասին խոսք չկա, ուղղակի սահմանը գծելիս որոշակի շեղումներ են լինում։

- Ադրբեջանական կողմն ասում է՝ 4 գյուղերի վերադարձը սահմանազատման գործընթացի հետ կապ չունի, իսկ ձեր թիմը պատմական ձեռքբերում է համարում սահմանային սյուների տեղադրումը, ուրախ-ուրախ պատմում է, թե ինչ լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, բայց Ալիեւը մեքենայի մեջ «Նոլդու Փաշինյան» երգն է միացնում ու ծաղրում ձեր առաջնորդին։ 

- Այդ երգը չգիտեմ, թե որքանով է իրականությանը համապատասխանում, բայց այդ գյուղերի տարածքում համատեղ հանձնաժողով է աշխատում, եթե սյուներ են տեղադրվում, ո՞նց եղավ, որ սահման չի գծվում։ Ի՞նչ սյուներ են դրանք։ 

- Մարդիկ ասում են` սյուները տեղադրելուց հետո գոնե ականներ տեղադրեք, որ ադրբեջանցիները չներխուժեն հայկական գյուղեր։

- Մենք ասում ենք՝ խրամատ չպիտի լինի, իրար դեմ կանգնած զինված մարդիկ չպետք է լինեն, պիտի լինեն սահմանապահներ։ Կիրանցը եւ Խրեմլու գյուղն իրարից բաժանվում են մեկ ճանապարհով, ի՞նչն ականապատենք, Կիրա՞նցը, թե՞ Խրեմլուն։ 29 743 ք/կիլոմետր Հայաստանի տարածքի մեջ Խրեմլու չկա, դուք ասում եք՝ տալիս ենք, ի՞նչն ենք տալիս։

- Եթե ոչինչ չեք տալիս, ապա ինչո՞ւ եք Ոսկեպարով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի փոխարեն այլընտրանքային ճանապարհ կառուցում։

- Որովհետեւ գոյություն ունեցող ճանապարհը շատ հնարավոր է, որ անցնի Ադրբեջանին, նրանց տարածքի մեջ։ 1976թ․-ին են սահմանը գծել, մենք իրավական ոչ մի հիմք չունենք այլ քարտեզով սահմանը գծելու։ 

- Մարդիկ մեղադրում են ձեզ՝ կարող էիք գոնե Ջերմուկից սկսել սահմանազատումը, Հայաստանից զավթված հողերը կվերադարձնեին։ 

- Ընդդիմությո՞ւնն է մեղադրում։

- Բոլոր խելացի մարդիկ։

- Խելացի մարդիկ դեռ չեն խոսել, հարց է, թե ում եք խելացի համարում։ 1994թ․-ի հրադադարից հետո, երբ մենք ունեցել ենք հաղթած բանակ, հաղթած պետություն, ինչո՞ւ սահմանագծում չի արվել Արծվաշենից, ինչո՞ւ։

- Իսկ ի՞նչ է տեղի ունենալու հայ-վրացական սահմանին, ասում են` այդ հատվածում էլ եք հողեր զիջում։

- Սահմանագծման գործընթացի մեջ է, վարչապետների հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել է, որ պետք է շարունակել այդ աշխատանքները։

- Բոլոր հարեւանների հետ տեղի՞ է ունենալու, Իրանի հետ՝ նույնպե՞ս։

- Ես այդպես եմ պատկերացնում, Իրանի հետ էլ չեմ կարծում, որ խնդրահարույց տեղեր լինեն, քանի որ այդ պետության հետ սահմանային խնդիրները շուտ են լուծվել։

- Վերջին անգամ ե՞րբ եք եղել Կիրանցում, ի՞նչ տրամադրություններ էին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին։

- Շաբաթ օրն եմ գնացել։ Ինձ ընդունում են, ինչպես միշտ, մի քիչ ջղայնացած էին, նեղացած, բայց Կիրանցն իմ հարազատ գյուղն է, իմ մանկությունն այնտեղ եմ անցկացրել։ 

- Վա՞տ եք զգում, որ նեղացել են Ձեզնից։

- Իհարկե, հասկանում եմ իրավիճակը, բայց իմ մեղքը ո՞րն է, ի՞նչ եմ ես արել։ 1976թ․-ին ես 1 տարեկան եմ եղել, երբ սահման է գծվել։ 

- Ձեզ պա՞րզ է, թե ինչպես Փաշինյանի հայտարարած 29 800 քառակուսի կիլոմետրը, որը, ըստ նրա, ճանաչվել է որպես Հայաստանի տարածք, մի գիշերվա մեջ դարձավ 29 743 քառակուսի կիլոմետր։ Ի՞նչ եղավ։

- Օգտվել ենք Խորհրդային Հայաստանի հանրագիտարանից։ Հանրագիտարանից վերցրած թիվը կլորացված թիվ է եղել՝ 29 800։  

- Ասում է՝ 1976-ի քարտեզներով եք սահմանազատում անում, հետո ասում եք՝ հանրագիտարանից ենք օգտվում, ո՞նց հասկանանք։

- Հանրագիտարանում Հայաստանի տարածքը նշված է, որը, որքան հասկանում եմ, կլորացված է, իսկ հիմնավոր փաստաթղթերում 29 743 է։ 

- Ո՞րն է այդ հիմնավոր փաստաթուղթը, ինչպե՞ս է այն կոչվում։

- Չգիտեմ, սահմանազատման հանձնաժողովին պիտի հարցնեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել