Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Համայնքի ներկայացուցիչները հրատապ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով իրենց համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում:
Հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը։
Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, որոնք ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ` խիստ վտանգված է Երուսաղեմում հայ համայնքի 1600-ամյա ներկայությունը։
««Կովերի պարտեզի» հետ կապված ցանկացած գործարք առոչինչ է, սպառնում է մեր գոյությանը որպես համայնք և խախտում մեր սեփականության իրավունքները։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայ համայնքը բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային հնչեղությունը, համախմբվել և հայերի հետ համերաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։
Հայ համայնքը կոչ է անում ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու նրանց անմիջական օգնությունը իսրայելցի վերաբնակներին, որոնք ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։
«Նրանք զինված են։ Մենք՝ ոչ»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը շահութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։
2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։