Armenpress.am-ը գրում է.
Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
«Վտարումը ղեկավարել է Ասաֆ Հարէլ անունով սպան:
Երբ սպաների խմբից պահանջվել է հայ հոգեւորականներւ եւ տեղացի հայերինն բռնի տեղահանելու, վտարելու, գույքը ոչնչացնելու մասին արտոնագիր ներկայացնել, վերջիններս որեւէ արտոնություն կամ դատարանի որոշում չեն ներկայացրել եւ շարունակել են պաշտպանել ու աջակցել Xana Gardens-ի ներկայացուցիչներին՝ Հայոց Պատրիարքարանի գույքը ոչնչացնելու համար: Ապօրինի գործողությունները դադրեցնելու փորձի ընթացքին մի քանի ոստիկաններ շարունակաբար հայտարարել են, թե եկել են արտոնագրով, սակայն բնավ չեն ներկայացրել հիշյալ արտոնագիրը եւ ասել են. «Մենք այստեղ ենք՝ պաշտպանելու Xana Gardens-ի աշխատողների իրավունքները»:
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Սուրբ Երկրի Սրբատեղեաց Պահապաններէն մէկն է եւ վերահսկողը Երուսաղեմի չորս թաղամասերից մէկի: Մենք ակնկալում ենք ամբողջական պատշաճ գործընթաց, ինչպես որ, իբր տրված է բոլորին Երուսաղեմի մէջ եւ պատասխաններ ենք պահանջում Իսրայելի ոստիկանությունից եւ Իսրայելի կառավարությունից՝ այսօրվա իրադարձություններին նրանց մասնակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը նաեւ նշել է, թե աներկբա է, որ այսօրվա սադրանքները Հայկական թաղամասի եւ նրա օրինական հողերի դեմ նախադեպ ստեղծելու փորձեր են: «Մենք պիտի շարունակենք ամուր կենալ մեր դիրքերում եւ պիտի հրավիրենք ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ընդգծել է նա:
Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։
Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։
2023-ի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։