Հունվարի 5-ի երեկոյան, 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «ARMHYDROMET» հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են եղանակային պայմանների, օդի որակի վերաբերյալ հուսալի ու իրական ժամանակին մոտ տեղեկատվություն ստանալ։
«ARMHYDROMET» հավելվածի միջոցով իրականացվում է իրական ժամանակում և ճշգրիտ եղանակային տեղեկատվության, կանխատեսումների տրամադրում, մթնոլորտային օդի որակի վերաբերյալ վերջին հասանելի տեղեկատվության տրամադրում, վտանգավոր երևույթների վերաբերյալ ծանուցումների ուղարկում։
Առկա է նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկություն ստանալ եղանակային իրադարձությունների, բնական աղետների, շրջակա միջավայրի մոնիթորինգի, միջազգային լուրերի կամ այլ կարևոր իրադարձությունների մասին։
Հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար։



