Իրենք ասում էին՝ մենք կարմիր գծերը ուզում ենք թանկացնել, որպեսզի մեքենաների հոսքը քչացնենք. Ես ամեն օր Անավից իջնում եմ կենտրոն ու բարձրանում. Հոսքը նույն ձեւ մնացել է: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Փաստացի հոսքը մնաց նույնը, ուղղակի մարդիկ հայտնվեցին վատ վիճակում: Դուք տեսե՞լ եք՝ բակերում ինչ է կատարվում, խայտառակություն է: Դուք մարդ ճանաչո՞ւմ եք, որ ավտոյով էր երթեւեկում, հիմա արդեն տրանսպորտով է երթեւեկում:
Իրենք կարմիր գծերը թանկացնում էին, որ մարդիկ տրանսպրտով երթեւեկեն, բայց հիմա իրենք տրանսպորտն էլ են թանկացնում: Այս երկու պրոցեսներն իրար հետ չեն բռնում»,-ասաց նա:
Հարցին, թե երբ են նախաձեռնելու տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ, Մարությանը պատասխանեց. «Եթե այսօր այդ որոշումն ընդունվի, որն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, ապա մենք օգոստոսի վերջում կիրազեկենք մարդկանց, թե ինչ ենք անելու, ոնց ենք անելու եւ երեւանցիների հետ համատեղ թույլ չենք տալու, որ այս որոշումն իրենք իրագործեն: Դա 100 տոկոսով աշխատելու է, մենք մի անգամ դա արել ենք: Այստեղ մի քանի ավելի հետաքրքիր բան կմտածենք եւ նույն բանը կանենք:
Նաեւ խորհուրդ եմ տալիս քաղաքային իշխանություններին սրա վրա շատ ջանք ու ժամանակ չծախսել, որովհետեւ չի ստացվելու: Դուք ավելի լավ է այսօրվանից մտածեք մեր առաջարկի մասին: Այսինքն մարդը ունենում է քարտ, լիցքավորում է այնքան, ինչքան ուզում է եւ տրանսպորտ բարձրանալիս հպում է եւ ամեն անգամ իր քարտից գնալու է 100 դրամ»,-ասաց Մարությանը:
Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը:
Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով նախատեսվում է ՝
«90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով),
30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։
365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
«Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն,
Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։
Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից: