Վերջերս «Իմացիր ավելին» հաղորդումն անդրադարձել  էր Վարդուհի Վարդանյանին։

2006թ հոկտեմբերի 15-ն էր Սևան-Մարտունի մայրուղու վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում . ղեկին մեր ժամանակների ամենավառ ու սիրելի աստղերից էր Վարդուհի Վարդանյանը։ Անձրևից ու մառախուղից անանցանելի դարձած ճանապարհին Վարդուհին չի նկատում շրջադարձն, ու կատարվում է սարսափելին. ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվում։

Նրան ճանաչողներն ու մտերիմները գիտեն, որ շռայլ էր սիրո մեջ և զուսպ` մարդկանց նեղացնելու հարցում։ Չափազանց զգայուն էր, ուներ փխրուն սիրտ։ Երևի թե հենց այդ բաց ու փխրուն ներաշխարհն էր, որ Վարդուհի Վարդանյանը նախորօք զգացել էր սեփական մահը։

Վարդուհու քույրը պատմում է.

«Կանխատեսում չի ունեցել, ամեն դեպքում մեզանից ոչ մեկ չի իմացել, բայց նայելով Արթուր Գրիգորյանի հաղորդաշարը` մեզ համար շատ զարմանալի հարցազրույց էր և հարցերի պատասխաններ։Մենք իրենից չէինք սպասում, որ ինքը նման պատասխաններ պետք է տար։ Հարցնում է Արթուր Գրիգորյանը՝ «ճակատագրին հավատո՞ւմ եք » ասում է՝ «չգիտեմ, ջնջվել է ճակատիցս ճակատագիրը»։ Նմանատիպ հարցեր են, որոնք որ Արթուր  Գրիգորյանի հաղորդման ֆորմատի մեջ էլ չէր։ Ամեն դեպքում հարցաշարը մեզ համար անսպասելի էր, առավելևս՝ պատասխանները»։

Հաղորդմանը ներկա էր Վարդուհու որդին` Ռուբենը`կնոջ և դստեր հետ: Ռուբենն առաջին անգամ խոսեց մայրիկի կորստի և դստեր անվան մասին:

«Ես միշտ երազել եմ, որ աղջիկ ունենամ և անունը դնեմ մայրիկիս պատվին՝ Վարդուհի։ Այդպես էլ եղավ։ Փոքր տարիքից աղջկաս մոտ նկատվում է երաժշտական լսողությունը: Ես շատ ուրախ կլինեմ, որ նույն ուղով գնա։ Երևի վերջին հիշողությունս կլինի այն, որ դասից եկա տուն ուզում էի առանց պայուսակս հանելու նստել ու համակարգչով խաղալ՝ նա չէր սիրում։Պետք է գայի հաց ուտեի, նոր խաղայի։ Վերջին հիշողությունս դա էր, որ ջղայնացավ վրաս։ Իհարկե,  փորձում եմ միայն լավը հիշել»,-նշեց Ռուբենը:

Նաիրա Գյուրջինյանը հաղորդման շրջանակներում ասաց.

«Շատ դժվար է ինձ համար մեր վերջին շրջագայությունը, որը ցավոք, իր մահվան տարվա մեջ էր։ Դա 2006 թվականն էր, երբ մենք միասին մեկնում էինք Մոսկվա։ Երբ մենք ինքնաթիռ նստեցինք, նրա մոտ դարձյալ սկսվեց ինձ համար անհասկանալի անհանգստություն։ Ես փորձում էի իրեն այդ վիճակից դուրս բերել։ Ասում էի ՝«Վարդ, պետք չէ վախենալ, սովորական է, տես՝ որքան մարդ կա ինքնաթիռի մեջ։ Նա ասաց ՝«ՉԷ Նաիրա Լորիկի, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, որդիս անմայր կմնա»։

Խոսեց նաև Արման Աղաջանյանը.

«Ինձ համար բավականին ծանր էր։ Երկու շատ մտերիմ ընկեր կորցրեցի մեկ տարվա ընթացքում  ՝Վարդուհուն և Էլվինա Մակարյանին։ Առաջնեկս ծնվեց այդ կորուստներից հետո և ես վերցրեցի երկուսի անուններից միաձուլեցի և ստացա աղջկաս անունը՝ Էլվա(Էլվինա և Վարդուհի)»։

Ավետ Բարսեղյանը ասաց.

«Նա ընդամենը 30տարեկան էր։ 16տարի է անցել դժբախտ պատահարից, բայց միևնույնն է` հիշողությանս մեջ ժպիտը, լույսը, պայծառությունը, ձայնը Վարդուհու կա»։

Հաղորդմանն իր մասնակցությունն էր ունեցել նաև Արմինե Նահապետյանը։

«Նախ առաջին հերթին Թութուշի անունը լսելիս արդեն ժպիտից բացի ուրիշ էմոցիա չի գալիս, թախիծը մեր մեջ է։ Նա ուրախություն ու երջանկություն ճառագող մարդ էր` չնայած իր ներքին խնդիրներին»։

«Նա ինձ համար եղել է և կա բարձունքում։ Այն երգչուհին,որին ամեն անգամ լսելը եղել է հաճույք, հիացմունք ։ Մեր Վարդուհին ինձ  համար առանձնահատուկ տեղ ունի և դա բոլորը գիտեն» – նշեց Ալլա Լևոնյանը:

Սյուզան Մարգարյանը պատմում է.

«Երբ առաջին անգամ իրեն լսեցի, այնքան տպավորվեցի, որ համերգից հետո մոտեցա իրեն և ոգևորությունս ու հուզմունքս արտահայտեցի։ Ասացի ՝«Դու մեծ արժանիքներ  ունես ,քեզ լավ ապագա է սպասվում։Նա շատ ոգևորվեց, ուրախացավ և որոշ ժամանակ  անց արդեն մենք մտերիմներ էինք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել