Ակնհայտ է, որ Ռուսաստանի արձագանքը ավելի շատ նման է նրան, որ նա փորձում է իրավիճակը պահել իր ձեռքում՝ չհասկանալով, որ իրավիճակը վաղուց բաց է թողել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բոլորս տեսել ենք, որ 15 տեղից հարձակում է տեղի ունենում ԼՂ-ի դեմ, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում նստել բանակցությունների: Այսինքն Հայաստանին ներքաշում են, որ Հայաստանն ինչ-որ ձեւով արձագանքեր եւ իրվունք վերապահվեր Հայաստանին հակահարված տալ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանը թե գործընկերային առումով, թե որպես տարածաշրջանում նոյեմբերի 9-ին փաստաթղթի երաշխավոր, իր գործառույթները չի կատարել. «Ինչ արեցին ԼՂ-ում ռուս խաղաղապահները, ուղեկցեցին այնտեղի հայերին դո՞ւրս, դա՞ էր իրենց միսիան: Ես ցավում եմ, որ ռուս խաղաղապահներ զոհվեցին ԼՂ-ում, բայց արձանագրենք, որ նրանք զոհվել են ռազմական գործողությունների ավարտից 2-3 ժամ հետո: Խաղաղապահները ԼՂ-ում ոչ մի բան չեն արել»:

Դիտարկմանը, որ հենց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ են ռուս խաղաղապահները հայտնվել Արցախում, ԱԺ նախագահն ասաց. «Իսկ դուք գիտեիք, որ ռուս խաղաղապահները գալու են ու ոչ մի բան չեն անելո՞ւ: Որեւէ մեկը դա չի իմացել, ես վստահ եմ, որ անգամ ռուս խաղաղապահները չեն իմացել, որ իրենք չեն կարողանալու գործել եւ ադրբեջանցիներն իրենց ուղղակի հրելով դուրս են հանելու իրենց ցանկացած վայրում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել