168.am-ը գրում է․
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն այսուհետ Կադաստրի կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը, նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հուլիսի 24-ից։ Այսուհետ անշարժ գույքի առք ու վաճառքի, ժառանգության ձևակերպման կամ գրավադրման ու այլ գործարքների դեպքում քաղաքացին ստիպված չի լինելու նոտարից վերցրած փաստաթղթերը սկանավորել ու տանել Կադաստրի կոմիտե։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը նշեց, որ բավական դյուրին ընթացակարգ է սահմանվել։
«Պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և նոտարների կողմից տրամադրվող իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով կադաստր ներկայացնելու նպատակով քաղաքացին կստանա ծածկագիր։ Քաղաքացիներն այն ստանալու են SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով։ Կոդը կարող է մուտքագրվել դիմումների ներկայացման բոլոր էլեկտրոնային հարթակներում, որից հետո ինքնաշխատ եղանակով փաստաթղթերը կցվում են»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։
Գործընթացներն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելն, ըստ պատասխանատուների, կարևոր է և՛ քաղաքացիների համար, և՛ Կադաստրի կոմիտեի։ Քաղաքացիները ստիպված չեն լինում գնալ կադաստրի սպասարկման կենտրոններ, հերթ կանգնել, ժամանակ կորցնել, այլ մեկ հպումով համակարգչի կամ հեռախոսի օգնությամբ գործընթացը կարող են կազմակերպել։ Մյուս կողմից Կադաստրի կոմիտեն զգալիորեն կրճատում է թղթի շրջանառությունը։
«2023 թվականին թղթային տարբերակով ներկայացվել է 435 հազար փաստաթուղթ, եթե դրանք վերածեք էջերի քանակի, ապա կպատկերացնենք, թե ինչ ահռելի ծավալի մասին է խոսքը։ Հիմա, երբ գործընթացն էլեկտրոնային տարբերակով կազմակերպվի, արդյունավետությունն ակնհայտ կլինի։ Մանավանդ, որ Կադաստրի կոմիտեն վաղուց իր մյուս ծառայությունները էլեկտրոնային տարբերակով է իրականացնում։ Այս նոր փոփոխությունը հերթական քայլն է»,-ասաց Արմեն Ալեքսանյանը։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականը նաև նկատեց, որ այդ բարեփոխումը կբացառի փաստաթղթերի կեղծումը և էլ ավելի կբարձրացնի պետության կողմից քաղաքացիների հանդեպ օրենքով ստանձնած պարտավորության արդյունավետ իրականացումը, այն է՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը։
Ներդրված համակարգը փաստաթղթերը տրամադրող մարմիներին հնարավորություն է տալիս Կադաստրի կոմիտե ներկայացված փաստաթղթերը հեշտությամբ գտնել համակարգում առկա զտման գործիքների միջոցով։ Համակարգը կարող է ծառայել այդ մարմինների համար որպես էլեկտրոնային արխիվ։