Ֆրանսիան «հարձակման տակ է» այն բանից հետո, երբ երկրի արագընթաց երկաթուղային ցանցի աշխատանքը «կաթվածահար» է եղել դիվերսիոն հարձակումների պատճառով, գրում է telegraph.co.uk-ը՝ մանրամասնելով, որ չարագործներն ակնհայտորեն փորձել են խափանել այս երեկո Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

«Համակարգված» հարձակումների շրջանակում երկաթգծերի երկայնքով ազդանշային համակարգերը հրկիզվել են, իսկ մալուխները կտրվել և հրկիզվել են:

Հարձակումները գնացքների մեկնման զանգվածային չեղարկումների պատճառ են դարձել։ Փարիզի շրջանային խորհրդի ղեկավար Վալերի Պեկրեսի խոսքով, տուժել է մոտ 250 հազար ուղևոր: Ակնկալվում է, որ հանգստյան օրերին կտուժի ավելի քան 800,000 մարդ:

Այժմ բոլոր հետախուզական ծառայությունները մոբիլիզացվում են՝ պարզելու այս դիվերսիոն գործողությունների ծագումը, AFP-ին հայտնել է անվտանգության աղբյուրը։

Ըստ SNCF ազգային երկաթուղային օպերատորի գործադիր տնօրեն Ժան-Պիեռ Ֆարանդուի, հանցագործները հրկիզել են այն հատվածները, որտեղ շատ օպտիկամանրաթելային մալուխներ են եղել: Դրանք փոխանցում են «անվտանգության տեղեկատվություն վարորդների համար» և վերահսկում են «կետային մեքենաները»՝ երկաթուղային ելքերը հեռակա կարգով շահագործելու համար:

ՌԴ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան դե Գլինաստին ասել է, որ Ռուսաստանը կարող է կանգնած լինել դիվերսիայի հետևում:

Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան ասել է, որ երկաթուղային գծերի վրա հրկիզումները, հավանաբար, «լայնածավալ դիվերսիա» են:

«Դա, հավանաբար, լայնածավալ դիվերսիա է, որն իրականացվել է համակարգված», - ասել է նա Sky News-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել