ՔՊ-ական իշխանությունները շարունակում են փող չխնայել շքեղ կյանքի համար՝ հարկատուներիս հարկերի հաշվին գոյացող բյուջետային միջոցները մսխելով սրտի ուզածի չափ, ուզած ձևով: Մասնավորապես՝ Միրզոյան Արոն է, ըստ երևույթին, որոշել գնալ Սիմոնյան Ալենի հետքերով. ԱԳՆ-ն մեկ անձից գնման պայմանագիր է կնքել ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերություններից մեկի հետ՝ մոտ 5 միլիոն դրամով նշված ընկերությունից վարձակալելով 1 ավտոմեքենա: Ի դեպ՝ Նիկոլն էլ իր հերթին վարչապետի աշխատակազմի վարչական շենքի վերանորոգման համար նախատեսված գումարի չափն է որոշել էականորեն ավելացնել՝ նախապես որոշված 38 մլն 790 հազար դրամը հասցնելով 51 մլն 347 հազար դրամի:

Սրանք ընդամենն ամենաթարմ օրինակներն են այն մսխումների, որոնց հանրությունն ականատես է դառնում սրանց իշխանության գալուց հետո: Տարիներ առաջ հատկապես հիշարժան էր ստացվել Նիկոլի նոր տան կամ կառավարական ապարանքի վերանորոգումը, որի համար ևս անասելի մեծ միջոցներ էին ծախսվել՝ չնայած տունը վերանոոգման կարիք առանձնապես չուներ էլ: Ալենի «BMW»-ի մասին է՛լ չենք խոսում…

Պարգևավճարները կցելով աշխատավարձերին ու վերացնելով այդ տերմինի լայն գործածությունը՝ իշխանությունները թերևս հույս ունեին՝ խուսափելու քննադատություններից ու արդարացի դատափետումից: Այնինչ պարզվում է՝ այդ ամենն ուղղակի շիրմա է՝ միամիտների գլուխն արդուկելու համար, ու երբ մի փոքր խորամուխ ես լինում պետական միջոցների ճակատագրի հարցում, պարզվում է՝ վայելք է, որ վայելում են, ծախսել է, որ ծախսում են՝ կաշկանդված չլինելով ո՛չ գրված, ո՛չ չգրված օրենքներով. ի տարբերություն նախկին կարգերի հիմա կոռուպցիան ստացել է միանգամայն օրինական բնույթ, ինչը, սակայն, չի փոխել խնդրի էությունը՝ աղքատ երկրում բյուջեի հաշվին հղփացող չինովնիկների խնդիրը:

Խոսակցություններն այն մասին, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա, դատարկ են ու բոլորովին անհիմն: Այն ոչ միայն կա, այլև թերևս գերազանցում է նախահեղափոխական մակարդակը՝ կրելով, սակայն, է՛լ ավելի ցինիկ բնույթ: Բավական է ուշադրությամբ ուսումնասիրել պարբերաբար տենդեռներ շահող ու պետական պատվերներ ստացող ընկերությունների իրական սեփականատերերի ցանկը, անմիջապես հնարավոր է դառնում արձանագրել, որ դրանցից շատերը տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ: Օրինակ՝ պարզ չէ, թե հատկապես որ տաղանդների համար է Սիմոնան Ալենի եղբայրը դարձել Հայաստանի թիվ մեկ ասֆալտչին և այլն:

Իրենց կարելի է. իրենց ժողովուրդն է ընտրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել