Hetq.am-ը գրում է.
Պաղպաղակ, շոկոլադ, ժելե, կարամել, թերխաշ ձու, սառը ըմպելիքներ, թեյ և մի շարք այլ սննդատեսակներ երեխաների համար այլևս հասանելի չեն լինի մանկապարտեզներում: Հայաստանում երեխաների ճարպակալման թվի մեծացման ֆոնին կառավարությունը նախադպրոցական խմբերի համար նոր սննդակարգ է սահմանել: Որոշումը ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից: Այս մասին գրում է Հետքը:
Որոշմամբ սահմանվում են ինչպես ընդհանուր պահանջներ, այնպես էլ երեխաների սնուցման ռեժիմը՝ հաստատություններում գտնվելու ժամանակահատվածով պայմանավորված։
Ըստ այդ պահանջների՝ ճաշացուցակով նախատեսված սննդի օրական բաժնի մեջ ածխաջրերը պետք է կազմեն ընդհանուր էներգիայի 45-65%-ը, որից ավելացված շաքարները՝ 10%-ից ոչ ավելի, ճարպերը՝ 30-40%-ը՝ 1-ից 3 տարեկան երեխաների և 25-35%-ը՝ 3-ից 6 տարեկան երեխաների համար, որից հագեցած ճարպաթթուները՝ 10%-ից ոչ ավելի, սպիտակուցները՝ 5-20%՝ 1-ից 3 տարեկան երեխաների, 10-30%՝ 3-ից 6 տարեկանների համար: Ճաշացուցակը մանկապարտեզները պետք է կազմեն 10-12 օրվա համար:
Շուրջօրյա գործող նախադպրոցական խմբերի երեխաների համար սնունդը պետք է կազմակերպվի օրը 4-5 անգամ, իսկ սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը պետք է լինի ոչ ավելին, քան 3,5-4 ժամ՝ 3-6 տարեկան երեխաների համար և 2-3 ժամ՝ 1-2 տարեկան երեխաների համար։
Նախադպրոցական խմբերի երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ տաք ուտելիք ընդունեն: Միաժամանակ սննդընդունման ժամանակ աղը չպետք է երեխաների համար հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, և ցանկացած համեմունք պետք է տրամադրվի սահմանափակ չափաբաժիններով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



