Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստերն արդեն երրորդ անգամ հետաձգվում են՝ գործով առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի չներկայանալու պատճառով։

Նշենք, որ հենց Սևակ Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, որը նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, սակայն դատարան չի ներկայանում՝ արդեն երրորդ դատական նիստն է նրա պատճառով հետաձգվում։ Դատակոչված հաջորդ վկան՝ Եղիշե Վարդանյանը ներկայացել էր այսօրվա նիստին, սակայն հարցաքննել չի հաջողվում, քանի որ Սևակ Քոչարյանն արդեն ցուցմունք տվել է դատարանում, բայց հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, կողմերը և դատարանը պետք է հարցեր ուղղեն առանցքային վկայի։ Վերջինս հայտարարել էր, թե լսողական խնդիրներ ունի, տեխնիկական խնդիրների՝ համապատասխան սարքերի բացակայության դեպքում չի կարող լսել և պատասխանել հարցերին։ Ընդ որում, թե՛ նախորդող, թե՛ այս նիստերին Սևակ Քոչարյանի ներկայությունն ապահովելու համար դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և նրան բերման ենթարկելու մասին, սակայն ոստիկանության ծառայողները նրան դատարան չեն ներկայացրել, թե ինչ հիմքով՝ հայտնի չէ։

Դատարանը կրկին հետաձգեց դատական նիստը՝ մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 14.30-ն՝ հույս հայտնելով, որ հաջորդ դատական նիստին Սևակ Քոչարյանին կներկայացնեն դատարան, այդ հարցով դատարանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, գրություն կհասցեագրի ոստիկանապետին։

Պաշտպանության կողմը Սևակ Քոչարյանի գործողություններում դիտավորություն է տեսնում։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի համոզմամբ՝ անձը հասկանում է, որ խաբվել է, հարցերի պատասխանները չկան և չեղած պատասխանները հանրության համար պարզ կդարձնեն, թե ինչպես է քրեական գործը փաթեթավորվել։

«Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով կարող են ձգձգել»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ վկայի՝ դատարան չներկայանալն ուղիղ ցուցիչ է՝ գործի կեղծ, շինծու լինելու մասին։

Հիշեցնենք, որ քրեական գործով կա 3 մեղադրյալ։ Սերժ Սարգսյանից բացի մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փոխնախարար Սամվել Գալստյանին, գործարար Բարսեղ Բեգլարյանին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել