168.am-ը գրում է․

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկված է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Չզեկուցվող նախագծով առաջարկում է հավանություն տալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։

Նշենք, որ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում։

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը։ Եթե Սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի Սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի Ազգային ժողով։

Սահմանադրական դատարանում կառավարության ներկայացուցչի լիազորությունները կստանձնի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու անհրաժեշտ ընթացակարգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել