Hetq.am-ը գրում է․
Արցախյան վերջին պատերազմից հետո հատկապես Հայաստանի հարավ-արեւելքում՝ Սյունիքում, առավել սրվել է անվտանգ հաղորդակցության հարցը: Անկախությունից հետո մինչեւ հիմա Երեւանից մարզկենտրոն Կապան հնարավոր է հասնել միայն ցամաքով՝ անցնելով Գորիսով կամ Տաթեւով: Եթե մինչեւ 2020 թ. աշուն անվտանգ էին երկու ճանապարհներն էլ, ապա հիմա Գորիս-Կապան ճանապահի մոտ 4 կմ-ը անցնում է թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքով: Տաթեւի ճանապարհն էլ չնայած անվտանգ է այդ տեսանկյունից, բավական անհարմար է բազմաթիվ ոլորանների ու ավելի երկար լինելու պատճառով: Պատահական չէ, որ հիմա էլ շատերը նախընտրում են Կապան, այնտեղից էլ Քաջարան ու Մեղրի հասնել Գորիսի ճանապարհով: Այս երթուղին օգտագործում են նաեւ դեպի Իրան մեկնող եւ Իրանից եկող բեռնատարները:
Պատերազմը չի ավարտվել, ու հայտնի չէ, թե ինչ զարգացումներ կլինեն Հայաստանի համար բառիս բուն իմաստով կենսական նշանակություն ունեցող Մեղրու տարածաշրջանում, որի հանդեպ թուրք-ադրբեջանական հավակնություններն ու Բաքվի բռնատիրական ռեժիմի ախորժակը հատկապես մեծացել են պատերազմի՝ իրենց համար հաջող ելքից հետո: «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի իջնում թշնամու բերանից, չնայած այդ գաղափարը մեր արեւմտյան ու արեւելյան հարեւանները նոր չէ, որ հղացել են:
Այս ֆոնին Հայաստանի համար առավել կարեւոր է դառնում նոր կոմունիկացիոն ուղիների ստեղծման հարցը: Կարեւոր է, որ այդ ուղիներով հնարավոր լինի տեղ հասնել արագ եւ անվտանգ: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ամենաերկար՝ 4-րդ տրանշի (Արտաշատ-Եղեգնաձոր-Քաջարան-Ագարակ) իրականացումը, կարծես, դեռ սարերի հետեւում է, ու այսօր Քաջարան եւ Մեղրի հասնելու միակ տարբերակը սահմանամերձ դարձած Կապանով երթեւեկելն է: Այս առումով ամենաանհարմարը Մեղրու աշխարհագրական դիրքն է, որը Երեւանից ամենահեռուն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։